Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Անկյուն մի կանգնեցրեք լրագրողին

Անկյուն մի կանգնեցրեք լրագրողին
10.07.2012 | 11:39

«Օրվա միակ դրական լուրը». «Իրատես de facto»-ի էլեկտրոնային կայքի «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված հրապարակմանն այսպես էին արձագանքել ընթերցողները: Օրվա դրական լուրը համաշխարհային կինոյի կարևոր իրադարձություններից է նաև:
Մայրաքաղաք Երևանի համար ոսկեծիրանյան «տրամադրություններն» սկսվել էին մինչ փառատոնի մեկնարկը: Շուրջ մեկ ամիս և ավելի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պարբերաբար լրագրողներին տեղեկացնում էին սպասվող իրադարձությունների, անակնկալների մասին, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում էին ֆիլմեր` դարձյալ լրագրողների համար:
Մեր երկրի, մեր կինոյի համար կարևոր այս իրադարձությունը, որ տարեցտարի դառնում է է՛լ ավելի նշանակալից, անշուշտ, թերություններից էլ զերծ չի մնում:
Փառատոնի կազմակերպիչներն առանձնակի նշանակություն են տալիս «Հայկական համայնապատկեր» ծրագրին, առհասարակ, հայ կինոյի պրոպագանդմանն ու զարգացմանը, սակայն դժգոհություններ են նկատվում մրցույթից դուրս մնացող հայկական ֆիլմերի հեղինակների շրջանում: Շշուկները համոզիչ են թվում, երբ, օրինակ, միջազգային հեղինակավոր փառատոներում ուշադրության արժանացած «Հայկական հացը» ֆիլմը մի կերպ է հայտնվում մրցութային ֆիլմերի ցուցակում, բայց նույն ծրագրի շրջանակներում հանդիպում ես «Հայկական ռապսոդիաներ» կասկածելի ծագմամբ ֆիլմին: Կինոգետ չլինելով, ինձ թույլ եմ տալիս ասել, որ «Ռապսոդիան» հեշտությամբ կարող էր գլխավորել, օրինակ, տարվա անհեթեթություն համարվող ֆիլմերի տասնյակը: Թե ինչպես է նա գոհացրել խստապահանջ ժյուրիին, դժվար է ասել:
Կազմակերպական գրեթե անթերի աշխատանքին, որպես լրագրող, ականատես եմ եղել ինքս: Բնական եմ համարում այն, որ լրագրողն ավելի շուտ մասնակից է, քան հանդիսատես, ավելի շատ աշխատում է (լուսաբանում), քան վայելում ոսկեծիրանյան «բարիքները»: Որպես կանոն, հավատարմագրված լրագրողների առջև դռներ չեն փակվում, բայց երբ լրագրողն ուզում է պաշտոնական հանդիսություններին (տվյալ դեպքում` փառատոնի բացմանը) ականատես լինել և լուսաբանել, հայտնվում է ազատ նստատեղ գտնելու խնդրի առջև: Սա արդեն «երևանյան ռասպոդիաներ» շարքից է, ուր տհաճ միջադեպերը չեն ուշանում: Երբ հրավիրատոմսիդ վրա նշված է, որ մուտքն ազատ է, նշանակում է` քեզ ուղեկցելու են վերևի օթյակ և դեռ աչքներն էլ վրադ են պահելու, որ նստելատեղ ունեցող հրավիրյալների տեղը չզբաղեցնես: Իսկ երբ ինձ ուղեկցող տղան ասաց, որ պետք է անկյունում կանգնեմ, անակնկալի եկած հակադարձեցի` «Լրագրողին անկյուն եք կանգնեցնում, հա՞»: Վերջինիս զարմանքն էլ չուշացավ: Հարցրեց` ո՛ր լրատվամիջոցից եմ: Անգամ «թույլ տվեց» ինձ անկյունից դուրս գալ ազատ տարածք և դեռ բյուրեղյա մաքրությամբ «Նոյ» հյուրասիրեց:
Ես հասկանում եմ, որ նման հեղինակավոր փառատոնին կարելի է և հոտնկայս հետևել, ձայնագրիչը, պայուսակը, թուղթ ու գրիչը հատակին տեղադրել, մի կերպ տեղավորվել աստիճաններին: Բայց այնքան էլ տրամաբանական չեմ համարում լուսաբանելու հրավիրված լրագրողին «անկյուն կանգնեցնելը» (տվյալ դեպքում` ինձ), երբ գործընկերներիցդ շատերն առաջին շարքերն են զբաղեցնում: Գուցե փառատոնը լրագրողական հատուկ սանդղակնե՞ր է սահմանել, որին դեռևս տեղյակ չեմ: Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջին անգամ եմ հավատարմագրված լրագրողի կարգավիճակով մասնակցում փառատոնին, բայց քանի որ անդրադարձել եմ մինչփառատոնյան բոլոր իրադարձություններին և նույն անաչառությամբ անդրադառնալու եմ հետայսու, օթյակային միջադեպն անտեսել չէի կարող: Այսքանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ